Ինչ կարողացան անել ուկրաինացիները, որ այդպես էլ չարեցին հայերը 44-օրյա պատերազմի ժամանակ

Սույն թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ զինված ուժերը սկսեցին լայնածավալ հարձակումները Ուկրաինայի նկատմամբ. սկսվեց այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությունը», կամ ինչպես մնացյալ աշխարհն է բնութագրում` Ռուսաստանի ագրեսիան անկախ երկրի նկատմամբ: Մարտական գործողություններն ընթանում են արդեն յոթ ամսից ավելի, իսկ վերջև չի երևում…Մենք ամենևին էլ նպատակ չունենք հակամարտող կողմերից որևէ մեկին պաշտպանենք կամ փնովենք…

Մեր նպատակն է` իրականացնել ընթացող մարտական գործողությունների (փաստացի` պատերազմի) մանրակրկիտ վերլուծություն, զուգահեռներ տամելով` փորձենք հասկանալ` ինչ կարողացան անել ուկրաինացիները 2022 թվականին, որ այդպես էլ չարեցին հայերը 2020-ին:

Նախ փորձենք հասկանալ` ինչ է պատերազմը:

Պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է: Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է` որպես գլխավոր և վճռորոշ միջոց, սակայն կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցներ…

Եվ այսպես…

2022թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան մոլորակի հզորագույն բանակներից մեկը (ասում են` երկրորդը) Ուկրաինայի սահմանների երկարությամբ կուտակելով 190հզ. զինծառայող սկսեց իր, այսպես կոչված Հատուկ Ռազմական Գործողությունը: Առաջին իսկ պահից իրականացվեցին ճիշտ գործողություններ` շարքից հանվեց ուկրաինական բանակի ՀՕՊ միջոցների և ավիացիայի մեծ մասը, դրանով իսկ ապահովելով բացարձակ գերակայություն օդում (նույնը տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիների կողմից):

Սակայն պատերազմը հաղթում են ոչ թե երկնքում, այլ գետնի վրա…

Հարձակման ենթարկված ՈՒկրաինան, ունենալով կենդանի ուժի գերազանցություն, կայացրեց ճիշտ որոշում` շարունակել պայքարը պատերազմի այլ ոլորտներում, մինչև սպառազինության պարագայում ավելի բարենպաստ իրավիճակի ձեռքբերումը:
Անմիջապես, գործի անցան ուկրաինական արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները` բոլոր երկրներում գործող դեսպանատները սկսեցին աղաղակել ռուսական օկուպացիայի մասին, սկսեցին առաջադեմ երկրներին կոչ անել տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ, խզեցին քիչ, թե շատ տնտեսական կապեր ունեցող ձեռնարկությունների կապերը ռուսական ընկերությունների հետ, փակվեց Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցումը: Երկրի ամբողջ տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերի վրա` սկսվեց ուկրաինական արտադրության սպառազինության միջոցների արտադրություն. տանկեր, հրետանի, հրթիռային համակարգեր, հակատանկային միջոցներ, սեփական ԱԹՍ-ներ, գիշերային տեսանելիության և ջերմատեսիկ սարքեր և այլն:

Ուկրաինան չէր հրաժարվում ոչ մի երկրի ռազմական օգնությունից։ Իսկ մեզ մոտ` երկրի մեծամեծները հրաժարվեցին Իրանի և Ֆրանսիայի առաջարկած ռազմական օգնությունից (չհաստատված տեղեկություն)։ Ինչու՞… Իսկ ինչ կատարվեց մեր պարագայում…Քար լռություն, ոչինչ չարվեց: Ինչն էր պատճառը` նման խնդիր չէ՞ին ստացել, անգրագիտությու՞նը, թե՞ խնդիր էին ստացել ոչինչ չանել…

Գործի անցան գաղափարական պայքարի մարտիկները, որոնք սկսեցին բոլորին համոզել, որ ռուսական հարձակումները Ուկրաինայով չեն սահմանափակվելու, հերթով իրենց հարձակման ենթարկվելու վտանգին հասնելու են եվրոպական մնացած երկրները, որ ռուսական ավտորիտար ռեժիմը ագրեսիվ վարքագիծ է դրևորում ուկրաինական դեմոկրատիայի նկատմամբ, որ ռուսական կոռումպացված իշխանությունները ձգտում են խեղդել ուկրաինական ազատ աշխարհը:

Իսկ ինչ կատարվեց մեր պարագայում…Մենք չկարողացանք (կամ չցանկացանք) աշխարհին համոզել, որ Արցախի ազատ ժողովրդի դեմ իրականացվում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիա, որ վայրի նախնադարը ցանկանում է ազատ դեմոկրատական Արցախը խեղդել ու ոչնչացնել: Այո, չկամեցանք, կամ չկանկացանք…

Ռուսական ագրեսիայի դեմ դուրս եկան բոլոր ուկրաինացիները, իշխանական, թե ընդդիմադիր, հարուստ, թե աղքատ, Զելենսկու ռեժիմը հավանող, թե ռեժիմին թշնամի, նախկին ու գործող բոլոր նախագահները, օլիգարխները, արվեստի գործիչները և այլն…բոլորը, քանզի դա էր պահանջում հայրենիքի շահը…ցուցաբերեցին բացառիկ համախմբվածություն և վճռականություն: Մեր պարագայում երկրի վարչապետը չցանկացավ հանդիպել նախկին երեք նախագահներին, խորհրդակցել` ով ինչով կարող է օգտակար լինել Հայրենիքին։ Ավելի տարօրինակ էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պահվածքը, որը ցանկություն չունեցավ հանդիպել Արցախ մեկնած Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին։

Ուկրաինայի օլիգարխները հսկայական միջոցներ էին առանձնացնում սպառազինություն, հանդերձանք ձեռքբերելու և բանակին նվիրելու համար: Աչք էր շոյում ուկրաինական բանակի նորագույն համազգեստը, ժամանակակից հանդերձանքը, սպառազինությունը… Իսկ ինչ կատարվեց մեր պարագայում…Երկրի նախագահը (Արմեն Սարգսյան) միայն լրատվամիջոցներից իմացավ, որ իր զավակը (խմբ. Հայաստանը մեր մայրն է, իսկ Արցախը, Սյունիքը և այլն` նրա զավակները) ենթարկվել է հարձակման, ոչ երկրի վարչապետը, ոչ նախկին նախագահներից որեւէ մեկը չցանկացավ հրապարակային ելույթ ունենալ և հայտնել իրադրության լրջության մասին: Իսկ որոշ թշվառ մեծահարուստներ իրենց ձեռքբերածը ԱՎԵԼԻ ԹԱՆԿ գնով վաճառեցին հայոց բանակին:

Ուկրաինայում գործի անցան ինֆորմացիոն պատերազմի մարտիկները, որոնք իրենց գրագետ և հմտորեն ուղղորդված աշխատանքի արդյունքում թշնամու շարքերում առաջացնել իրադրության սխալ գնահատում, կասկած, պառակտում, իսկ յուրայիններին քաջաբանելով` ստեղծել վեհ ու նվիրված ուկրաինական բանակի կերպարը: Անմիջապես առաջնագծում հայտնվեցին լրագրողներ ու բլոգերներ, որոնք հենց տեղից հաղորդում էին թարմ ինֆորմացիան:

ՈՒկրաինական տեղեկատվությունը` համեմված տեսադիտարկման կադրերով, ԱԹՍ-ներից խոցման տեսարաններով (թեկուզ մի մասն էլ հորինված ու մոնտաժված) ավելի համոզիչ էր, քան ռուսական Արծրուն Հովհաննիսյանի (գեներալ Իգոր Կոնոշենկովի) մերկապարանոց թվերը կամ նախադասությունները… Իսկ ի՞նչ էր կատարվում մեր պարագայում: Երկրի լրագրողները առաջնագծին լավագույն դեպքում մոտենում էին 50կմ-ից ոչ մոտ: Բացակայում էր ինֆորմացիան, էլ չենք խոսում տեղեկատվական պատերազմը մենք պարտվում էինք ջախջախիչ հաշիվներով (իսկ սրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք փող են ստանում հենց տեղեկատվական հակապայքարի համար)…Ընդհանրապես պարզ չէր, թե ինչ է կատարվում…

Իսկ թե ինչպիսի իրավիճակ էր ռազմական ոլորտում, ինչպես պատահեց, որ անառիկ Հադրութն ու Շուշին ընկան մի քանի օրում, իսկ ռուսական պրոֆեսիոնալ բանակը երկուևկես ամիս չէր կարողանում մեկ գործարանի տարածք գրավել, երեք ամսից ավելի չէր կարողանում մեկ օդակայան գրավել, ինչու՞ հասնելով Կիևի մատույցներ մայրաքաղաքը չդատարկվեց, իսկ մեզ մոտ… հաջորդ հաղորդումներում…

Հետևեք մեզ…

(Visited 5 times, 1 visits today)