Թուրքական վիլայեթի հետ Երևանի բանակցությունը չունի իմաստ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, որ նա արել է բանակցային գործընթացի վերաբերյալ: Հղում անելով Հայաստանի վարչապետի հայտնի հայտարարությանը՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինչպես նաև այն հայտարարությանը, որ բանակցության լիարժեք կողմ պետք է լինի նաև Արցախը, Ալիևը հայտարարել է, թե Երևանն այդ հայտարարություններով փաստորեն անիմաստ է դարձրել բանակցությունը: Ալիևը հայտարարել է, թե այդ դեպքում չկա բանակցության իմաստ:

Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ «դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարի,- նշել է խոսնակը՝ հավելելով,- մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլի հարձակմամբ և 2020թ. հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները»։ Նրա խոսքով՝ որպեսզի այդ վնասները չլինեն անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը», հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։

Մեծ հաշվով, Հայաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանում բավականին նուրբ և միաժամանակ թափանցիկ կերպով դրսևորվում է Երևանի ակնարկը՝ եթե Բաքուն ուզում է բանակցություն, եթե Բաքուն ակնկալում է կարգավորման գործընթաց, ապա պետք է դուրս գա թուրքական կցորդի կարգավիճակից, որում հայտնվել է ակնհայտորեն, և ինչը չի թաքցնում անգամ Անկարան: Եթե Բաքուն վերածվել է թուրքական ընդամենը վիլայեթի՝ պետականության առերևույթ նշաններով, ապա այդ դեպքում Երևանի համար է առաջանում շատ պարզ ու տրամաբանական հարց՝ որն է թուրքական վիլայեթի հետ բանակցելու իմաստը, եթե բոլոր որոշումները և Ադրբեջանի քաղաքականությունն ամբողջությամբ մշակվում և կայացվում են Անկարայում:

Ալիևը փորձում է շանտաժել ռազմական էսկալացիայով, կամ ավելի շուտ՝ Ալիևի շուրթերով դրան է փորձում Անկարան, սակայն այդ իմաստով կա շատ պարզ մի ճշմարտություն՝ այն, ինչ ակնկալում են հայկական կողմից Անկարան և իր վիլայեթը, ուղղակի հնարավոր չէ ստանալ որևէ բանակցությամբ, որովհետև դա ըստ էության հայկական պետականությունը վիլայեթի վերածելու ակնկալիք է: Ըստ այդմ՝ Անկարան էլ, իր վիլայեթ Բաքուն էլ լավ գիտեն, որ դա կարող են վերցնել միայն պատերազմով՝ եթե, իհարկե, կարողանան:

Խնդիրը, սակայն, կարողանալը չէ, նրանք գիտեն, որ իրենց ակնկալիքը կարող են վերցնել միայն պատերազմով, հետևաբար անկախ որևէ բանակցությունից՝ նրանք գնալու են դրան, հենց տեսնեն, որ դա հնարավոր է, և կարող են հաղթել այդ պատերազմում: Ըստ այդմ՝ այստեղ Երևանի խնդիրը շատ հստակ է՝ չտրվել այդ շանտաժին և պատրաստ լինել պատերազմի՝ այդպիսով կանխարգելելով այն և ստիպելով Անկարային ու Բաքվին գալ երկխոսության:

Հեղինակ՝ Արամ Ամատունի
Նյութն՝ ըստ www.1in.am

(Visited 45 times, 1 visits today)