Ինչի՞ց է վախենում Ալիեւը

Բաքվի վարչակազմի ղեկավար, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ Իլհամ Ալիեւը մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցներում արել է հայտարարություններ, որոնց էությունը, եթե հանենք տեղեկատվական շղարշն ու կոշտությունը, հանգում է հետեւյալին․

Ալիեւն ու՞մ է ուզում իշխանության տեսնել Հայաստանում

Ըստ Ալիեւի՝ Հայաստանի ղեկավարը խափանել է բանակցային գործընթացը, բայց Հայաստանում կան ռացիոնալ մտածողությամբ մարդիկ ու քաղաքական գործիչներ, որոնք բարձրացնում են այս հարցը եւ հայ հանրությանը հասցնում իրենց տեսակետը, որ Հայաստանի գործող ղեկավարությունը երկիրը տանում է անդունդ։

Ու՞մ նկատի ունի Ալիեւը եւ ու՞մ կցանկանար տեսնել Հայաստանի ղեկավարի պաշտոնում։ Գործող ղեկավարությունը նրան «հիասթափեցրել» է, չնայած սկզբում Ադրբեջանում հույս էին դրել Նիկոլ Փաշինյանին համոզելու եւ նրա անփորձության վրա։ «Նրանք մեզ դրական ազդանշաններ էին ուղարկել ոչ պաշտոնական ալիքներով եւ խնդրել ժամանակ տալ։ Մենք ապրում էինք հույսով, որ նոր կառավարությունը կշտկի նախկին սխալ քաղաքականությունը։ Այդ միտքն ավելի ամրապնդվեց Դուշանբեում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Այն ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ նրանց, իբր, Հայաստանում բարդ, ծանր քաղաքական վիճակ է, նախկին կառավարության ներկայացուցիչներն ուզում են ռեւանշ վերցնել, եւ դա բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա», – ասել է Ալիեւը։

Բաքվի վարչակարգի ղեկավարը փորձում է միջամտե՞լ Հայաստանի ներքին գործերին։ Նրա ներքին գործերն էլ վատ են՝ Ալիեւը մշտապես ստիպված է պատասխանել սեփական հանրության հարցերին, թե ինչու Ղարաբաղը չի վերադարձվել, իսկ բանակցություններ չկան։ Եվ նա փորձում է մեղքը բարդել Փաշինյանի վրա։

Եկեք վերսկսենք բանակցությունները

«Հայաստանը դուրս է եկել բանակցություններից։ Այդ դեպքում ասել, որ եկեք սկսենք բանակցել կամ եկեք շարունակենք, պարզապես անպատասխանատու կլինի, եւ մենք չպետք է խաբենք ինքներս մեզ», – ասել է Ալիեւը։

Բաքուն բազմիցս հայտարարել է, որ բանակցությունների շարունակումը իր «զիջումն է», «լավությունը», եւ բանակցություններն ավելի շատ պետք են Երեւանին, քան Բաքվին։ Հիմա Ալիեւը չի կարողանում թաքցնել սրտնեղությունը, որ Հայաստանը «խափանել է» բանակցությունները։ Իսկ հետո՞։ Բաքուն կամ պետք է ընդունի իրողությունները, կամ էլ սեփական ժողովրդին ներքաշի կործանիչ ու անհեռանկար պատերազմի մեջ։ Ալիեւը, ըստ ամենայնի, փորձում է հետ վերադառնալ բանակցություններին, որտեղ իրեն ավելի անվտանգ է զգում։

Ալիեւը չի պատրաստվում առաջինը հարձակվել

Նրանք փորձում են մեզ սադրել։ Նրանք կարծում են, որ կհանդուրժե՞նք դա։ Մենք երբեք չենք սադրում։ Մենք կանգնած ենք մեր դիրքում», – ասել է Ալիեւը։ «Մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական թիրախ չունենք։ Եթե մեր դեմ լուրջ սադրանք լինի, այդ դեպքում որեւէ սահմանափակում չենք ունենա», – ասել է նա։

Այլ խոսքով, եթե սադրանքներ չլինեն, Ադրբեջանը չի հարձակվի առաջինը։ Արդյոք Ալիեւն ուզում է ասել, որ եթե Ադրբեջանի կողմից որեւէ բան լինի, ապա իր նախաձեռնությունը չի լինի, այլ, օրինակ, Թուրքիայինը։

Ինչից է ամենաշատը վախենում Ալիեւը

Պատմելով Դուշանբեի մասին՝ Ալիեւն ասել է, որ Փաշինյանը խնդրել է ամրապնդել հրադադարի ռեժիմը։ «Մենք պայմանավորվել ենք արագացնել բանակցային գործընթացը եւ ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը, որովհետեւ այդ երկու դիրքորոշումները միշտ պետք է միավորել։ Հակառակ դեպքում դա կնշանակի սատուս-քվոյի ամրպանդում, եւ մենք չենք կարող համաձայնվել դրան ոչ մի դեպքում», – ասել է Ալիեւը։

Եթե բանակցություններ չկան, իսկ հրադադարի ռեժիմն ամրապնդվել է, արդյոք դա նշանակում է ստատուս-քվոյի ամրապնդում։ Ալիեւն ամենաշատը դրանից է վախենում։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Նյութն՝ ըստlragir.am

(Visited 92 times, 1 visits today)