Մարդիկ, ովքեր ձեռք են բերել ՌԴ քաղաքացինություն, կանգնելու են երկընտրանքի առաջ

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը.

Պարոն Սաքունց, Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվեց, սա ի՞նչ է նշանակում։

Այն, որ Ռուսաստանը մոբիլիզացի է հայտարարում, դա իրապես վկայում է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդեն իսկ ձախողվել է։ Եվ այն ռեսուրսները, որոնք մինչ ագրեսիան ուներ Ռուսաստանը և գտնում էր, որ այդ ռեսուրսները բավարար են Ուկրաինան զավթելու, օկուպացնելու համար, իրականում բավարար չէին։

Եվ Ռուսաստանն իր նպատակներին չի հասել։ Սա ենք արձանագրում՝ առաջին հերթին շնորհիվ Ուկրաինայի մեծ ու արդյունավետ դիմադրության, գումարած քաղաքակիրթ աշխարհի անթաքույց աջակցության։ Որպես միակ ռեսուրս՝ Պուտինն ունի միայն մարդկանց, այսինքն՝ մարդկային ռեսուրսներն է հավաքագրում՝ ուղարկելու այդ մսաղաց։

Առաջին հերթին սպառազինության առումով չունի լրացուցիչ աղբյուրներ և հիմա ամեն ջանք գործադրում է, որպեսզի տարբեր պետություններից սպառազինություն ձեռք բերի։ Համոզված եմ, որ անգամ, չնայելով Հայաստանի վիճակին, կփորձի նաև Հայաստանից որոշ սպառազինություններ տեղափոխել Ուկրաինայի դեպ պատերազմի նպատակով։ Բայց դա դժվար լուծվող խնդիր է, որովհետև ոչ մի երկիր չի ուզենա ընկնել այն պատժամիջոցների տակ, որը կիրառվել է պուտինյան ռեժիմի դեմ ու դառնալ իզգոյ պետություն։ Միակ ռեսուրսը մնում է մարդկայինը, և Պուտինն այդ ռեսուրսները ներգրավելու է՝ անկախ ազգությունից։

Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել կարևոր հանգամանքի վրա՝ Ռուսաստանի ներսում այդ մոբիլիզացիային դիմադրելու շարժումներ են ձևավորվում՝ բողոքի ցույցեր և այլն։ Դրա դրսևորումներից առաջինը Ռուսաստանից մեծ ծավալի արտագաղթն էր, մարդիկ զանգվածաբար լքեցին ՌԴ-ն՝ տեղափոխվելով այլ երկրներ։ Սա ընդվզման առաջին երևույթն էր, բայց արդեն կան հստակ տեղեկություններ, որ հենց Ռուսաստանի ներսում են մարդիկ ընդվզում։

Կա միտում, որ ՌԴ-ում գտնվող հայերի մեծ ներհոսք կլինի դեպի Հայաստան, այդպե՞ս է։

ՌԴ-ում գտնվող հայերը նույնպես ներգրավված են լինելու այդ պրոցեսներին և կփորձեն արտագաղթել Ռուսաստանից։ Այսինքն՝ այս մոբիլիզացիան անխուսափելիորեն հանգեցնելու է նաև արտագաղթին։ Ազգությամբ հայերը կխուսափեն իրենց երեխաներին այդ մսաղացն ուղարկել։ Ենթադրում եմ, որ պուտինյան ռեժիմն էլ ավելի կկոշտացնի իր կառավարումը։

Արդեն իսկ օրենսդրական փոփոխություններ են կատարում, բացի նրանից, որ պատերազմի դեմ խոսելը քրեորեն հետապնդելի արարք են համարում, նաև մոբիլիզացիայի գործընթացի դեմ դուրս եկողների նկատմամբ քրեական պատասխանատվության գործիքակազմ կներդնեն։ Այսինքն՝ ռեժիմն էլ ավելի կխստացնի պատժամիջոցները և ավելի խորը բռնապետության մեջ կթաղվի։ Իսկ սա անխուսափելիորեն հանգեցնելու է դիմադրության։

Սա, իհարկե, լուրջ մարտահրավեր է։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ինտեգրվել են Ռուսաստանի Դաշնությունում, ձեռք են բերել քաղաքացինություն, իրենք են կանգնելու երկընտրանքի առաջ՝ դառնալ պուտինյան ռեժիմի զոհերը, թե՞ խուսափել այդ ճակատագրից։

Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ ՌԴ-ում զորակոչից խուսափոխների նկատմամբ քրեական գործեր են հարուցվելու, և այստեղ խնդիր կա, ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը՝ Հայաստանում ապաստանած և հետախուզման տակ եղած ազգությամբ հայերին կալանավորելո՞ւ է, թե՞ արտահանձնելու է։

Այսինքն՝ սա նոր մարտահրավեր է, որը հերթական անգամ գալիս է հիմնավորելու, որ նման բռնապետական ռեժիմի հետ որևէ դաշնակցային հարաբերությունները միայն ու միայն խնդիրներ են առաջ բերելու Հայաստանի համար։ Միակ ելքը մնալու է այդ դաշնակցային հարաբերություններից դուրս գալը։

Եվ վերջին օրերին, երբ, այսպես կոչված, ազգությամբ հայ մեծահարուստներն էին խոսում իբր թե հակառուսական, բայց բովանդակությամբ հակապուտինյան տրամադրությունների մասին, տեսնենք, թե հիմա իրենք ինչպես են վարվելու։ Հերթական անգամ կանգնելու են պուտինյան ռեժիմի շահերի պաշտպանության դիրքերում և նպաստելու են մարդկանց՝ դեպի մսաղաց ուղարկելու գործընթացին, թե՞ դիմադրելու են։

Ես ենթադրում եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու, որովհետև այդ ռազմավարական հպատակների համար իրենց բիզնես շահերն ավելի կարևոր են, քան մարդկային կյանքերը։ Այսինքն՝ սա բավական լուրջ մարտահրավեր է լինելու, որը վերաբերելու է նաև Հայաստանի Հանրապետությանը։

Ռոզա Հովհաննիսյան, լրագրող

Նյութն ըստ lragir.am

(Visited 12 times, 1 visits today)