Չհուղարկավորված դիակի մնացորդները թպրտում են. Մոսկվան փորձում է Երևանի ու Ստեփանակերտի միջև պառակտում մտցնել

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Երևանի և Ստեփանակերտի հեռակա բանավեճը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Արդյոք Արցախը ՀՀ երկրորդ և օրերս նաև այնտեղ գտնվող երրորդ նախագահների ջանքերով կարող է դառնալ հակահեղափոխության օջախ։

Ես կարծում եմ, որ քամիները գալիս են հյուսիսից, որովհետև կայսերամոլական բովանդակություն ունեցող գաղափարախոսությունը, որն առկա է Ռուսաստանում՝ հիմնված է բոլորին հայտնի ֆորմուլայի վրա, այն է՝«բաժանիր և իշխիր»։ Ըստ իս՝ Մոսկվային է ձեռնտու պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի միջև։ Չնայած Մոսկվան հավանաբար չի գիտակցում, որ Արցախը միշտ եղել է Հայաստանի անբաժան մասը՝ ինչպես պատմականորեն, իրավաբանորեն, այնպես էլ բարոյապես։ Ռուսաստանի ջանքերը չեն կարող պսակվել հաջողությամբ, որովհետև առաջին հերթին Քոչարյանի գործոնը զրոյական է։ Ես համաձայն եմ պարոն Անդրանիկ Քոչարյանի այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ընդդիմադիր բևեռը կարող է փորձի ստեղծել մեկուսարանում, արդյոք նրան կհաջողվի նման բևեռ ստեղծել՝ ես կասկածում եմ։ Այնպես որ դա հերթական աճպարարությունն է, որը Ռուսաստանը փորձում է գործադրել, որպեսզի հեղափոխությունից հետո ձևավորված միասնական հայկական ֆակտորը կարողանա պառակտել և ոչնչացնել։ Ռուսաստանի ագրեսիվ ձգտումները զսպվելու են։ Իհարկե որոշակի սխալներ ու վրիպումներ լինելու են, կա փորձի պակաս, օբյեկտիվ գնահատակններ տալու կարողության բացակայություն, ինչն էլ նմանատիպ բարդություններ է առաջացնում։ Ամբողջ ազգության ճնշող մեծամասնությունը միասնական է և շարունակելու է լինել միասնական։ Աստված չանի՝ եթե հանկարծ իրադրությունը բարդանա, հասնի պատերազմական վիճակի, անկասկած է, որ ամբողջ հայ ազգը կմիավորվի ու արժանի պատասխան կտա ցանկացած ոտնձգության։

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա անցյալում մնացած դիակի որոշ մասեր, որոնք դեռ հուղարկավորված չեն, շարունակում են թպրտալ, շարժումներ անել, ձեռքերը գցել փրփուրներից, օգտագործում եմ հզոր ֆինանսական ռեսուրսներ ամեն կերպ ռևանշի հասնելու համար։ Բայց ես առավել քան համոզված եմ, որ պատմության անիվը հնարավոր չէ դեպի հետ շուռ տալ։ Ամեն ինչ լավ է լինելու, պարզապես որոշակի բարդույթներ կլինեն ու դա պետք է գիտակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ու ամեն ինչ սրտին շատ մոտ չընդունի։

-Կարծում եք Արցախում 2020 թվականին կայանլիք ընտրություններում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կփորձե՞ն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ և այդկերպ հակադրության նոր բևեռ ստեղծել Հայաստանի իշխանությունների հետ։

-Չեմ կարծում, որովհետև մինչև այդ ընտրությունների սկիզբը երկուսի ճակատագիրն էլ որոշված կլինի՝ ոչ միայն մեր ժողովրդի ցանկության շրջանակներում, այլ համապատասխան դատական վճռով։ Այդ երկուսը, ինչպես նաև իրենց նախորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ բերմունդյան եռանկյունին, վերջապես պետք է արժանանա համապատասխան դատավճռի։ Այնպես որ ես չեմ կարծում, թե նրանք նման մտքեր են փայփայում, նման ապագա են իրենց համար տեսնում։ Թող մտածեն ինչպես են իրենց ժամանակն անցկացնելու մեկուսարանում։

-Ամեն դեպքում նկատելի է, որ նրանք Արցախի միջոցով և Մոսկվայի ջանքերով դեմարշի փորձեր են անում։

-Փորձում են, թող փորձեն։ Վերջին հաշվով փորձը փորձանք չէ, իհարկե պետք է փորձեն,դա բխում է իրենց հանցավոր էության արմատներից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխության հաղթանակի հենց առաջին օրերին համապատասխան քաղաքական գնահատական չի տրվել նախորդ ռեժիմին։Եթե այդ գնահատականը պաշտոնական մակարդակով տրվեր, ապա մինչ օրս զանազան հանրապետականներ՝ այդ թվում նաև Դաշնակցականներ ու բարգավաճողներ, Արցախի նախկին իշխանությունների մնացորդներ չէին կարողանա մինչ այսօր թպրտալ, դա պարզապես կբացառվեր։

Երկրորդ Համաշխարհային պատերազմն, ինչպես հայտնի է տևել է վեց տարի և տասնյակ միլիոնավոր զոհեր են եղել, որից հետո Նյուրնբերգյան պրոցեսը, իսկ այս հանցավոր իշխանությունները, որոնք մեկ տարի առաջ տապալվել են, 27 տարի շարունակ հայ ժողովրդի դեմ պատերազմ են մղել։Համեմատեք 6 և 27 տարիները. ճիշտ է՝ զոհերի քանակը չենք համեմատի, բայց քաղաքական առումով, բարոյահոգեբանական իմաստով իհարկե մեր կորուստները անհամեմատ ավելի մեծ են։ Այդ Նյուրնբերգյան պրոցեսը պետք է մեկ այլ անվանումով անպայման տեղի ունենա նաև Հայաստանում։ Դրանից հետո մեր հասարակությունն այլևս որևէ տարակուսանք կամ մտահոգություն չի ունենա։

(Visited 60 times, 1 visits today)