Փաստաթուղթն ամերիկյան կողմից ստորագրած պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ կանոնադրության համաձայն ստեղծվելիք հանձնաժողովը հիմք է տալիս առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Դրանց թվում են տնտեսությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդավարությունը և արդարադատությունը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ փաստաթուղթը կնպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։
Իր հերթին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե Երևանն ու Վաշինգտոնը հասել են գործընկերության կարևոր մակարդակի՝ բարդ միջազգային հարաբերությունների համատեքստում։ Միրզոյանը հայտնել է միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության շուրջ բանակցությունների մեկնարկի և «Իսլամական պետության» դեմ համաշխարհային կոալիցիային միանալու մտադրության մասին։
Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնության օրինագծին։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում լրագրող Մարկ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ստորագրված փաստաթուղթը պետք է դիտարկել թե՛ երկկողմ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, և ակնհայտ է, որ այն ունի երկարաժամկետ նպատակ։
«Այն ի զորու է ուժեղացնել Միացյալ Նահանգների ազդեցությունը [մեր] տարածաշրջանում, որտեղ իրավիճակը բարդ է։ Պաշտոնական Երևանն այսօր գտնվում է ոչ միայն Բաքվի և Անկարայի կողմից լուրջ ճնշման տակ, թեև Թուրքիան այստեղ ավելի շատ երկրորդ ջութակի դեր է խաղում։ Սա այն ճնշումն է, որը տեսանելի է անզեն աչքով։ Միաժամանակ, Երևանը ենթարկվում է Մոսկվայի ուժեղ ճնշմանը։ Այս ճնշումն ակնհայտ չէ, բայց անընդհատ զգացվում է։ Ռուսաստանում, տարբեր մակարդակներում, շարունակ կրկնում են՝ եթե փորձեք մեզ լքել, ձեզ համար ավելի վատ կլինի»,- ասել է Գրիգորյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ փաստաթուղթը նաև հարկ է դիտարկել Հայաստանի ներքաղաքական գործընթացների տեսանկյունից. «Առայժմ երկրում ոչ ոք այս մասին բարձրաձայն չի խոսում։, բայց մեկուկես տարի անց խորհրդարանական ընտրություններ են մեզ մոտ, և իշխող կուսակցությունը կօգտագործի կանոնադրությունը որպես ապացույց, թե Հայաստանի գնում է դեպի Արևմուտք։ Այս կուրսին դեմ է ընդդիմությունը, որը մոսկովայամետ դիրք է գրավում։ Եվ այստեղ հարցն այն է, թե ինչ են մտածում Հայաստանի հասարակ քաղաքացիները՝ նրանք, ովքեր պետք է քվեարկեն: Այստեղ շատ որոգայթներ կան»,- նշել է Մարկ Գրիգորյանը:
Տարտուի համալսարանի Արևելյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող Բորիս Դոլգինի ներկայացմամբ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ինքնին չի կարող լուծել որևէ կոնկրետ խնդիր կամ հստակ երաշխիքներ տալ այն ստորագրած կողմերին, սակայն փաստաթուղթը հիմք է աշխատելու և կարևոր նշան, թե որ կողմ է շարժվում Հայաստանը։
«Միևնույն ժամանակ, արևմտյան գործընկերների կողմից [Հայաստանի] այդ ընտրությունն ընդունելու և այն աջակցելու պատրաստակամությունն, իսկապես, ամրապնդում է Երևանի դիրքերը, թեև դա հասկանալի զայրույթ է առաջացնում Ռուսաստանում, Իրանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ չնայած այս պետությունների իշխանությունների դիրքորոշումներն տարբեր են։ Այդ ջղագրգռությունը կարելի է տեսնել ինչպես Բաքվի հռետորաբանության արմատականացման մեջ, այնպես էլ ռուսաստանցի պաշտոնյաների և պրոպագանդիստների արձագանքներում՝ սկսած արտգործնախարար Սերգեյ Լավրովից մինչև Вести недели հեռուստահաղորդման հաղորդավար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը փորձում է չափազանց կտրուկ քայլերի չդիմել՝ շարունակելով խոսել ռուս-հայկական համագործակցության և ԵԱՏՄ կարևորության մասին»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Դոլգինը։
Փորձագետը նշել է, որ միաժամանակ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին այսօր Հայաստանի ուղղությամբ հնչող հայտարարությունները հիշեցնում են 2013 թվականին Կրեմլի համառ նախազգուշացումները Ուկրաինայի ղեկավարությանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման անթույլատրելիության մասին։ Թեև իրավիճակները շատ առումներով տարբերվում են միմյանցից, սակայն Ռուսաստանի ղեկավարության չկամությունը՝ մտածել փոխզիջումային տարբերակի մասին, պահպանվել է։