Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ նոր մանրամասներ

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործի նոր էջ. ապօրինի կալանքի և դատավարության հրատապության մասին

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան։ Այս զարգացումը միանշանակ հաստատեց պաշտպանական կողմի այն պնդումը, որ Խաչատրյանի նկատմամբ կալանքը ոչ միայն իրավական հիմքերից զուրկ է եղել, այլև ակնհայտորեն ապօրինի։

Պաշտպանական թիմը մատնանշում է, որ կալանքի կիրառումը արդարացվել էր «ակտիվ քննչական գործողությունների» անհրաժեշտությամբ, սակայն դրանց իրականացման փոխարեն գործը ուղարկվեց դատարան ընդամենը 20 օր անց։ Սա վկայում է, որ կալանքի համար ներկայացված հիմքերը չափազանց փխրուն էին և փաստացի անհիմն։

Չորս տարի տևած քննությունը՝ առանց խոչընդոտների

Տիրան Խաչատրյանը, որի նկատմամբ քրեական վարույթը ձգվել է չորս տարի, մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ։ Սակայն հենց այս փաստն էլ վեր է հանում գործի դատավարական խնդիրը։ Չորս տարվա ընթացքում Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը, ինչը ի ցույց է դնում մեղադրանքի անհիմն բնույթը։ Ավելին, վաղեմության ժամկետների մոտենալը և փաստը, որ առաջադրված մեղադրանքը չի նախատեսում ազատազրկում, դարձնում են նրա նկատմամբ կալանքի կիրառումը ոչ միայն անհամաչափ, այլև ակնհայտ անհիմն։

«Հիմնավորումը՝ քանդված, մեղադրանքը՝ հերքված»

Նախաքննության ավարտից հետո, երբ գործի նյութերն ամբողջությամբ հասանելի դարձան պաշտպանական կողմին, պարզ դարձավ, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը ոչ միայն հիմնավորումներ չունի, այլև հենց գործի նյութերն են հերքում այդ մեղադրանքը։ Այս իրողությունը ամրապնդում է պաշտպանական կողմի դիրքորոշումը և ևս մեկ անգամ ի ցույց է դնում գործի քաղաքական ենթատեքստը։

Բաց և թափանցիկ դատավարություն՝ հանրության դատին
Պաշտպանական կողմը պատրաստվում է առաջիկա դատավարության ընթացքում պնդել, որ այն տեղի ունենա դռնբաց ռեժիմով։ Սա հնարավորություն կտա հասարակությանը առաջին ձեռքի աղբյուրից տեղեկանալ գործի իրական մանրամասներին և գնահատել գործի արդարացիությունը։

Ապօրինի կալանքի դաժան իրականությունը
Հիշեցնենք, որ Արցախի բոլոր պատերազմներին մասնակցած և բարձրագույն ռազմական կրթություն ունեցող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեռևս հունվարի 4-ից գտնվում է ազատազրկման մեջ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այս կալանքը կիրառվել է նրա քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը ճնշելու նպատակով։

Պաշտպաններ՝

Արմեն Անդրիկյան

Վարազդատ Հարությունյան

Հ.Գ. Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը։

Այս առիթով մաղթում ենք Հայոց բանակին ամրություն, իսկ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ ազատություն և արդարադատություն։

(Visited 1 times, 1 visits today)